BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Ռուսաստանը պատմության անվերջ ցիկլում

Ռուսաստանը պատմության անվերջ ցիկլում
23.11.2016 | 10:55

Ռուսաստանը կորցրել է կայսրությունը և դեռ չի գտել իր նոր դեմքը՝ ոչ երկրի ներսում, ոչ դրսում: Ի՞նչ է ուզում նախագահ Պուտինը: Վաղ թե ուշ ԱՄՆ նախագահ ընտրված Դոնալդ Թրամփը պետք է մտածի այս հարցերի ու հնարավոր հետևանքների շուրջ: Շատ ավելի հեշտ է հասկանալ՝ ինչ Պուտինը չի ուզում, քան՝ ուզում է: Նա ժառանգն է ոչ միանշանակ պատմության՝ Եվրոպայի ու Ասիայի, մտրակի ու լուսավորչականության միջև՝ գրում է Միխայել Շտյուրմերը Die Welt-ում: Կարելի է ասել, որ Պուտինը ավանդապաշտ է՝ դա են վկայում նրա վարքագիծը և Կրեմլի հարդարանքը, միևնույն ժամանակ՝ Պուտինը բնավ էլ հին կոփվածքի կոմունիստ չէ՝ նա քննադատում է Լենինի ու Ստալինի ժառանգությունը, որ կործանել է Ռուսաստանը: Պուտինը շատ լավ հասկանում է, որ ԽՍՀՄ-ը, չնայած իր ամբողջ հզորությանը, հաջող մոդել չէր: Այնուհանդերձ, խորհրդային հատուկ ծառայությունների և նրանց նախորդների զինանոցից իրեն անհրաժեշտը նա յուրացրել է, կոնկրետ՝ իշխանության ուղղահայացը, նաև մտայնությունը, որ պետությունը պետք է աշխատի շվեյցարական ժամացույցի պես: Անցյալի ժառանգությունից է և համոզմունքը, որ Ռուսաստանը հնարավոր է կառավարել միայն կոշտ ձեռքով:

Արդյունքում նոր վարչակազմը ցանկացած դեպքում չպետք է պատրաստվի խորհրդային մոդելի կրկնությանը: Ի՞նչ է մնում, եթե «Կարմիր հոկտեմբերին» հաջորդած հարյուր տարիների բոլոր իրադարձություններն ընկալվում են իբրև աղետների շարք: Մնում է միայն ցարական շրջանն իր բոլոր հակասություններով: Նմանությունը այժմ ապրողների հետ բոլորովին պատահական չէ: Դեռ Եկատերինա Մեծն էր բողոքում Ռուսաստանի աշխարհագրական անհաջող դիրքից՝ իրեն իրավունք վերապահելով անվերջ ընդլայնել տարածքը: Նրա խոսքով՝ բնական սահմանների անբավարարության պատճառով ինքը կարող է պետությունը պաշտպանել միայն նոր տարածքների օգնությամբ: Իր պատմական մեծության համար կայսրուհին պարտական է Ղրիմը գրաված իշխան Պոտյոմկինին, որ նրա համար միայն զորավար չէր:
Միխայել ՇՏՅՈՒՐՄԵՐ, Die Welt


Հ.Գ. ՈՒ ի՞նչ պիտի անի Դոնալդ Թրամփը հիմա մի մարդու հետ, որ շարունակում է Եկատերինա Մեի ավանդույթները և շարունակում է պաշտպանվել, թեպետ նրա միջուկային զենք ունեցող պետության վրա ոչ ոք չի ուզում հարձակվել: Միայն պատմակա՞ն ավանդույթն է Ռուսաստանին ստիպում իր կենսական շահերի արեալում համարել նախկին ԽՍՀՄ-ի պետությունները: Դոնալդ Թրամփը կընդունի՞ արեալի նրա կասկածելի իրավունքը, թե՞ կհիշի, որ հիմա 21-րդ դարն է, իսկ ԽՍՀՄ-ը դադարեցրեց գոյությունը 20-րդ դարում և կան անկախ հանրապետություններ, որ Ռուսաստանից իրենց անկախությունը հաստատելու համար կանգնում են տարածքային կորուստների առաջ՝ ինչպես Վրաստանն ու ՈՒկրաինան:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1222

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ